«Մայլեռ Մաունթին Ռեզորթ»-ի հիմնադիր Տիգրան Հարությունյանը հոկտեմբերի 26-ին մասնակցել է Դիլիջանում անցկացվող Զբոսաշրջության տարածաշրջանային համաժողովին։
Ֆորումի նպատակն էր դիրքավորել տարածաշրջանը՝ որպես զբոսաշրջության և բիզնեսի առաջատար ուղղություն։
«Նորարարություններ և ներդրումներ MICE զբոսաշրջության ենթակառուցվածքում և ծառայություններում» թեմայով պանելային քննարկման ժամանակ Տիգրան Հարությունյանը խոսել է տուրիզմը զարգացնելու հնարավորությունների ու հեռանկարների, MICE զբոսաշրջության ենթակառուցվածքներում առկա խնդիրների և դրանց լուծման մեխանիզմների, նոր ներդրումային ծրագրերի անհրաժեշտության մասին։
Այս համատեքստում Տիգրան Հարությունյանը կարևորել է պետության դերակատարումը բարենպաստ ներդրումային միջավայր ապահովելու համար, որը նաև լուրջ խթան կհանդիսանա ինչպես տեղական, այնպես էլ միջազգային նոր ներդրումներ ներգրավելու տեսանկյունից։
Ըստ Տիգրան Հարությունյանի՝ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի միջազգային զբոսաշրջային քարտեզում դիրքավորվելու տեսանկյունից։
Նրա խոսքով՝ լեռնադահուկային տուրիզմը մեր երկրում նոր զարգացող ուղղություն է, և «Մայլեռ Մաունթին Ռեզորթ»-ի կարևոր առաքելություններից է կառուցել տարածաշրջանում և աշխարհում առաջատար լեռնադահուկային համալիր, որի շնորհիվ Հայաստանը կդառնա ձմեռային տուրիզմի լավագույն ուղղություններից մեկը։
Տիգրան Հարությունյանը նաև նշել է՝ զբոսաշրջային ոլորտը ներկայում տրանսֆորմացիաների փուլում է և հիմա, առավել քան երբևէ, պետք է քայլել փոփոխություններին համընթաց։