ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1․ Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն կանոնները (այսուհետ՝ Կանոններ) սահմանում են «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Կազմակերպիչ) կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին թույլտվության տրամադրման կարգն ու պայմանները՝ «Մայլեռ» լեռնադահուկային համալիրի (այսուհետ՝ Հանգստավայր) տարածքում դահուկային և/կամ սնոուբորդային մարզումների ուսուցման ծառայությունների մատուցման նպատակով։
1.2. Համալիրի տարածքում մարզիչների կողմից մարզումներ իրականացնելու համար դահուկի և/կամ սնոուբորդի մարզիչները պարտավոր են ստանալ Կազմակերպչի կողմից տրված պաշտոնական թույլտվություն (այսուհետ՝ Թույլտվություն): Թույլտվություն չստացած մարզիչներին արգելվում է Համալիրի տարածքում մատուցել որևէ տեսակի ծառայություններ, այդ թվում՝ անցկացնել մարզումներ:
1.3. Թույլտվություն ստացած մարզիչները (այսուհետ՝ Մարզիչներ) չեն հանդիսանում Հանգստավայրի աշխատակիցներ և որևէ աշխատանքային կամ այլ պայմանագրային հարաբերությունների մեջ չեն գտնվում Կազմակերպչի հետ:
1.4. Մարզիչները իրնեց կողմից մատուցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անձամբ և իրենց անունից կրում են վարչական, քրեական կամ քաղաքացիաիրավական պատասխանատվություն երրորդ անձնաց հետ հարաբերություններում, այդ թվում՝ իրենց կողմից իրականացված մարզումների ժամանակ, ընթացքում և/կամ արդյունքում երրորդ անձանց՝ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դեպքում:
1.5. Հաճախորդներն ինքնուրույն են կրում պատասխանատվություն մարզչի ընտրության համար։ Հանգստավայրը չի երաշխավորում Մարզիչների կողմից մատուցվող ծառայությունների որակը և պատասխանատվություն չի կրում դրանց համար:
1.6. Հանգստավայրի աշխատակիցների կողմից պահանջելու դեպքում՝ Մարզիչը պարտավոր է՝
– ներկայացնել Թույլտվության առկայությունը հաստատող փաստաթուղթ,
– անհապաղ դադարեցնել գործողությունները, որոնք խախտում են սույն Կանոնները և/կամ
Հանգստավայրի կանոնները,
– լքել լեռնադահուկային ուղին (թեքությունը) սույն Կանոններով և Հանգստավայրի կանոններով
նախատեսված դեպքերում:
2. Մարզիչներին ներկայացվող պահանջներ
2.1. Մարզիչները, ովքեր ցանկանում են օգտվել Հանգստավայրի լեռնադահուկային վերելակների ծառայություններից՝ հաճախորդներին մարզելու նպատակով, բացի Թույլտվությունից, պարտավոր են ձեռք բերել նաև լեռնադահուկային անցագիր կամ սքի-պաս (այսուհետ՝ անցագիր)՝ ըստ գործող սակագների:
2.2. Մարզիչը պարտավոր է աշխատել պահպանելով անվտանգության բոլոր կանոնները, այդ թվում՝ Հանգստավայրի տարածքում գործող: Մարզիչը պարտավոր է կրել պաշտպանիչ սաղավարտ:
2.3. Մարզիչը չի կարող գտնվել ալկոհոլի, թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ։
2.4. Մարզիչը պարտավոր է ծանոթանալ Հանգստավայրի բոլոր կանոններին և պահպանել դրանք: Մարզչի կողմից թույլտվության և/կամ անցագրի ձեռքբերումը և/կամ դրանց արժեքի վճարումը նշանակում է նրա կողմից ամբողջական համաձայնություն սույն Կանոնների, Կազմակերպչի կողմից սահմանված այլ փաստաթղթերով նախատեսված կանոնների դրույթների հետ։
2.5. Մարզչի թույլտվության և/կամ անցագրի փոխանցումը այլ անձանց արգելվում է:
2.6. Մարզիչը իրավունք չունի յուրաքանչյուր մարզման ժամանակ մարզել մեկից ավել անձանց:
2․7. Այն Մարզիչների նկատմամբ, ովքեր առանց թույլտվության և/կամ անցագրի կամ այլ անձի անցագրով դահուկային և/կամ սնոուբորդային մարզումներ են իրականացնում, կամ իրենց թույլտվությունը և/կամ անցագիրը փոխանցել են մեկ այլ անձի կամ կորցրել են, ինչպես նաև այն Մարզիչների նկատմամբ, ովքեր խախտել են սույն Կանոններով և/կամ Կազմակերպչի կողմից սահմանված Հանգստավայրի այլ կանոններով
նախատեսված պայմանները, Կազմակերպիչը իր հայեցողությամբ կարող է կիրառել հետևյալ պատասխանատվության միջոցները․
– Թույլտվության չեղարկում,
– Անցագրից զրկում (անցագրի զրոյացում կամ արգելփակում),
– Հանգստավայրի տարածք Մարզչի մուտքի արգելք:
3․ Թույտվության տրամադրման կարգը և պայմանները
3.1․ Հանգստավայրի տարածքում դահուկային և/կամ սնոուբորդային մարզումների ուսուցման ծառայություններ մատուցելու համար տրամադրվող մեկօրյա թույլտվության արժեքը կազմում է 18,000 (տասնութ հազար) ՀՀ դրամ։
3.2. Թույլտվությունը ստանալու համար անհրաժեշտ է կատարել վճարում Հանգստավայրի համապատասխան դրամարկղում: Վճարումն իրականացնելուց հետո տրամադրվում է՝ կտրոն և Հանգստավայրի տարբերանշանով պարագա (բեյջ, թևկապ կամ այլ)։ Թույտվություն ձեռք բերելիս մարզիչը անցնում է լուսանկարվելու ընթացակարգ և ներկայացնում է անձը հաստատող փաստաթուղթ:
3.3. Թույլտվությունը տրամադրվում է անվճար հետևյալ անձանց՝
– ISIA (Միջազգային դահուկային մարզիչների ասոցիացիա) քարտ ունեցող մարզիչներին։
– Մարզիչների, որոնք Հանգստավայր այցելության են բերում խմբեր արտերկրից (Ռուսաստանից կամ այլ երկրներից)։ Խումբը պետք է նախապես ծանուցի իր այցի մասին և լրացնի հայտ, նշելով մասնակիցների թիվը և միջոցառումների անցկացման ամսաթվերը։