1101427

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան և «Մայլեռ Մաունթին Ռեզորթ»-ը համագործակցության հուշագիր են կնքել

«Արմենպրես»

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ընկերությունը՝ ի դեմս հիմնադիր Տիգրան Հարությունյանի, և «Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը՝ ի դեմս նախագահ Գագիկ Սարգսյանի, հունվարի 10-ին համագործակցության հուշագիր են կնքել, որի նպատակն է զարգացնել երկկողմ հարաբերությունները դահուկային մարզաձևերի, սնոուբորդի և ձմեռային տուրիզմի ոլորտներում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ սույն հուշագրի շրջանակում երկու կողմերն իրենց ջանքերը, պրոֆեսիոնալիզմը, փորձն ու հնարավորությունները համատեղելու պատրաստակամություն են հայտնում՝ ի նպաստ Հայաստանում դահուկային մարզաձևերի զարգացմանն ու այս բնագավառում համաշխարհային քարտեզում Հայաստանի ակտիվ դիրքավորմանը։

«Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ընկերության հիմնադիր Տիգրան Հարությունյանը կարևորել է մասնավոր հատված-ազգային մարզական ֆեդերացիա համագործակցությունը՝ մասնավորապես ընդգծելով ձմեռային սպորտաձևերի զարգացման և լայն հասարակայնության շրջանում դրանց հանդեպ հետաքրքրվածության բարձրացման հնարավորությունների ընդլայնումը:

«Մենք շատ ուրախ ենք այս համագործակցության մեկնարկի համար։ Լեռնադահուկային սպորտը Հայաստանում, իմ խորին համոզմամբ, դեռ մեծ աճ պետք է գրանցի, և մարզաձևի լավագույն օրերը դեռ առջևում են։ Մենք, որպես պատասխանատու բիզնես, կգործադրենք մեր առավելագույն ջանքերը, որպեսզի այս հուշագրի շրջանակում ամրագրված բոլոր կետերը կյանքի կոչվեն և նպաստենք ոլորտի զարգացմանը։ Ֆեդերացիայի հետ այժմ քննարկում ենք համատեղ հնարավոր միջոցառումները։ Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է լեռնադահուկային սահուղիները համապատասխանեցնենք Դահուկային մարզաձևի միջազգային ֆեդերացիայի ստանդարտներին, որպեսզի հնարավորություն ունենանք կազմակերպել ինչպես տեղական, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային մրցաշարեր»,- ասել է նա:

Տիգրան Հարությունյանը նաև հավելել է, որ պատրաստ են աջակցել Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիային տեղական և միջազգային դահուկային մրցաշարերի, ՀՀ լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի հավաքական թիմերի մարզումների կազմակերպման հարցում, և «Մայլեռ Մաունթին Ռեզորթի» մասնագիտական բոլոր ենթակառուցվածքները կլինեն մարզիկների տրամադրության տակ։

«Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Գագիկ Սարգսյանը, ողջունելով համագործակցության մեկնարկը, նշել է.

«Հայաստանի՝ թե՛ դահուկային մարզաձևերի զարգացման, թե՛ ձմեռային տուրիզմի խթանման համար «Մայլեռ Մաունթին Ռեզորթի» նման կենտրոնի կառուցումն ու վերջինիս հետ սերտորեն համագործակցությունը նշանակալի իրադարձություն է։ Այն մարզական առումով լայն հնարավորություններ և մեծ հեռանկարներ է բացում Հայաստանի լեռնադահուկային սպորտի և սնոուբորդի ոլորտների մարզիկների համար։ Երբ ծանոթացանք Նախագծին, մասնակցեցինք քննարկումներին, հասկացանք, որ այն հավակնում է դառնալ ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի մասշտաբով լրջագույն լեռնադահուկային կենտրոն։ Վստահ եմ, որ այս համագործակցությունը կծառայի իր նպատակին, և մենք տարիներ հետո ինչպես ձմեռային սպորտաձևերի զանգվածայնության, այնպես էլ մարզական տեսանկյունից կգրանցենք բավականին լուրջ արդյունքներ»։

Հուշագրի շրջանակում կողմերը կհամագործակցեն երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող նախագծերի շուրջ, դահուկային մարզաձևի սիրահարների համար գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորությունների ստեղծման, անվտանգության կանոնների տեղեկացմանն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման գործում, ինչպես նաև կմիավորեն ջանքերը դահուկային մարզաձևերի և սնոուբորդի զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների, մարզաձևերի հրահանգիչների պատրաստման և վերապատրաստման համատեղ ծրագրերի, հայ մարզիկների ներգրավվածությամբ դահուկային մարզաձևերի և սնոուբորդի զարգացմանն ու մասսայականացմանն ուղղված արշավների մշակման և իրականացման, Հայաստան՝ համաշխարհային դահուկորդների հյուրընկալման և վերջիններիս մասնակցությամբ թեմատիկ միջոցառումների կազմակերպման ուղղություններով։

Comments are closed.