Աղբյուր՝ http://www.construction.am
Ապարանի Եղիպատրուշ համայնքում կառուցվում է լեռնադահուկային մարզահամալիր, որը հավակնում է դառնալ առաջատարը տարածաշրջանում: Սա հրաշալի նորություն է մարզիկների, ընդհանրապես դահուկասպորտի սիրահարների, ձմեռային ակտիվ հանգիստ նախընտրողների համար: Զբոսաշրջության ու սպորտի զարգացման ի՞նչ հեռանկարներ է ստեղծում այս նոր համալիրը. ներկայացնում է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» նախագծի հիմնադիր Տիգրան Հարությունյանը:
Պատանեկան երազանքից ներդրումային ծրագիր
Հայաստանում լեռնադահուկային սպորտի հանգստավայր ունենալու գաղափարը Տիգրան Հարությունյանը ունեցել է դեռ հեռավոր 1997 թվականին, երբ ընդամենը 13 տարեկան էր, ու իր նման լեռների սիրահար մի խումբ պատանիներով լեռնադահուկորդների «հավաքական» էին ձևավորել Վիկտոր Համբարձումյանի թոռնուհու՝ Աննա Համբարձումյանի գլխավորությամբ: Վերջինս Եվրոպայից բերել էր համապատասխան պարագաներ, իր շուրջ համախմբել Երևանի լեռնադահուկային սպորտով զբաղվող ակտիվ երեխաներին: Նրանք ձմռանը գրեթե ամեն կիրակի գնում էին Ծաղկաձոր և Արագած դահուկ քշելու։ «Այդ ժամանակ, իհարկե, ոլորտը զարգացած չէր, նույնիսկ սպորտային համազգեստ և դահուկներ գտնելն էր բարդ։ Ու երազում էի, որ մի օր Հայաստանն էլ կունենա միջազգային ստանդարտներին համապատասխան լեռնադահուկային համալիր: Տարբեր երկրներում ճամփորդելիս, միշտ այցելել եմ նմանատիպ հանգստավայրեր, սահել այնտեղ և զուգահեռ ուսումնասիրել տարբեր երկրների առաջադեմ համալիրներն ու կենտրոնները, դրանց ենթակառուցվածքները: Պատանեկության երազանքը տարիների ընթացքում դարձավ նպատակ։ Հասկացա՝ ինչն է պակասում մեզ և որ ամենակարևորն է, թե ինչ ներուժ ունենք, որը չենք զարգացնում։ Եվ ստեղծվեց նախագիծը»:
«Մայլեռ». ապագայի լեռնադահուկային քաղաք-ավանը
«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» նախագծի իրականացման համար ընտրվեց Եղիպատրուշը, որն իր աշխարհագրական դիրքով ու բնակլիմայական պայմաններով իդեալական վայր է նման նախագծի իրականացման համար: Համալիրի համար նախատեսված է ավելի քան 600 հեկտար մակերես տարածք։ Լեռնադահուկային համալիրը հագեցած է լինելու ոլորտի լավագույն ենթակառուցվածքներով ու համակարգերով. «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» նախագիծն իրականացվում է լեռնային հանգստի գոտիների նախագծման շուրջ 40 տարվա աշխատանքային փորձ ունեցող կանադական հեղինակավոր «Էկոսայն» ընկերության հետ։ Ճոպանուղին՝ թե՛ նստատեղային, թե՛ գոնդոլային տեսակներով, նախագծելու և կառուցելու է ավստրիական Doppelmayr ընկերությունը։ Ընկերությունների ներկայացուցիչները եղել են Եղիպատրուշում, տեղում ուսումնասիրել են աշխարհագրական դիրքը, քննարկել նախագծի մանրամասները:
«Մայլեռը» դառնալու է լեռնադահուկային սպորտի զարգացման կենտրոն, այստեղ հիմնվելու է դահուկային մարզադպրոց: Արդեն կնքվել է հուշագիր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ու «Մայլեռ Մաունթայն Ռեզորթի» միջև. այստեղ կմարզվեն պրոֆեսիոնալ լեռնադահուկորդներ: Համալիրում կգործի 17 ճոպանուղի: Առաջին փուլի ավարտին՝ 2023թ-ի ձմռանը, այստեղ արդեն կլինի 30 կմ սահուղի, իսկ ծրագրի ավարտին՝ մոտ 100կմ երկարությամբ սահուղիներ: Սահուղիները ունենալու են գիշերային լուսավորություն: Գործելու է արհեստական ձնագոյացման համակարգ, ինչը հնարավորություն է տալու, անկախ ձյան առկայությունից, ապահովել որակյալ սահուղիներ։ Համալիրը կունենա մեկ այլ առավելություն ևս. սկսնակ դահուկորդների համար նախատեսվում են փոքր «կոնվեյերային» գոտիներ՝ կախարդական կարպետներ (magic carpet):
Լեռնադահուկային համալիրի գործունեությունը սահմանափակված չի լինելու միայն ձմռան ամիսներով: Նախատեսվում է այն դարձնել նաև ամառային հանգստի համար գրավիչ ուղղություն՝ առաջարկելով այցելուներին քայլարշավներ (հայքինգ), լեռնային հեծանվարշավներ (բայքինգ), լեռնային քոսթեր, զիփ-լայն, Alpine և այլ ժամանցային հնարավորություններ։ «Մայլեռ»-ը մեծ լեռնադահուկային քաղաք-ավան է լինելու՝ տարբեր թաղամասերով, հանգստի ու ժամանցի գոտիներով, հյուրանոցներով, քոթեջներով, ռեստորանային հատվածով և այլ ենթակառուցվածքներով։
Կյանքը լեռներում է
Ինչպես նշվեց՝ ապագա քաղաք-ավանում հանգիստ ու ժամանց կապահովվի տարվա բոլոր եղանակներին: Նախագծի իրականացումը կնպաստի զբոսաշրջության, սպորտի զարգացմանը, հանգստի և ժամանցի նոր ուղղությունների, առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորմանը՝ համապատասխան «Մայլեռ»-ի կարգախոսին. «Կյանքը լեռներում է»:
Նախագծի առաջին փուլը, որի ներդրումների ծավալն ավելի քան 60 մլն եվրո է, կավարտվի 2023թ-ի ձմռանը, իսկ ընդհանուր նախագիծը նախատեսվում է ավարտել 2032-2035 թվականների ընթացքում: Ամբողջ տասնամյակի համար նախատեսվում է 250-300 մլն եվրոյի ներդրում։ «Մայլեռը» կլինի նաև պրոֆեսիոնալ մրցաշարերի անցկացման վայր, տարածաշրջանային սպորտ-բազա: «Ավարտական փուլում՝ 11-12 տարի հետո վստահ ենք, որ մենք մրցելու ենք Սոչիի հետ և կարողանալու ենք դահուկորդների շատ մեծ հոսք ներգրավել։ Այն, ինչ մենք նախատեսում ենք հիմա՝ նախագծի առաջին փուլով, բավարար է Հայաստանում ամենազարգացած ու հագեցած եզակի կենտրոն ունենալու և Հայաստանն այդ ուղղությամբ աշխարհին ճանաչելի դարձնելու համար։ Արդեն ավարտական փուլում «Մայլեռ» համալիրը հավակնում է դառնալ լավագույնը տարածաշրջանում։ Հիմա մեր տարածաշրջանային կենտրոնը Վրաստանն է՝ Գուդաուրին»,- եզրափակում է Տիգրան Հարությունյանը։