«Մայլեռ Մաունթին Ռեզորթը» հունիսի 18-ին կայացած Hospitality Investment Forum Yerevan 2025-ի գլխավոր գործընկերներից էր։
«Մայլեռը», որպես Հայաստանում զբոսաշրջության ոլորտի ամենախոշոր և երկարաժամկետ, բազմափուլ ներդրումային նախագծերից մեկը, ֆորումին մասնակցությամբ վերահաստատում է Հայաստանը հյուրընկալության ոլորտի ռազմավարական ուղղություն դարձնելու իր տեսլականը։
HIF Yerevan 2025-ը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության խթանմանն ուղղված միջազգային հարթակ է։ Այն նպատակ ունի զարգացնել Հայաստանի զբոսաշրջությունն ու հյուրընկալությունը՝ խրախուսելով ներդրումներ, մասնավոր-պետական գործընկերություններ և ներկայացնելով Հայաստանը՝ որպես մրցունակ ուղղություն։
««Մայլեռն» իր մասշտաբներով և տեսակով աննախադեպ է Հայաստանում՝ տարածաշրջանում ու աշխարհում առաջատար լեռնադահուկային համալիր դառնալու և մեր երկիրը միջազգային զբոսաշրջային քարտեզում դիրքավորելու իր հեռանկարներով: Այն ռազմավարական ներդրում է, որը կարող է վերափոխել լեռնային հանգստավայրերի վերաբերյալ ընկալումները տարածաշրջանում և ստեղծել երկարաժամկետ ազդեցությամբ մնայուն արժեքներ։ Այս նախագծով մենք նոր վարքագիծ ենք ձևավորում․ մարդիկ այլևս լեռնադահուկային հանգիստը միայն արտերկրի հետ չեն ասոցացնում, և մենք ձգտում ենք Հայաստանը դարձնել այն երկիրը, ուր զբոսաշրջիկները կճանապարհորդեն հատուկ նպատակով», – իր ելույթում ընդգծեց «Մայլեռ Մաունթին Ռեզորթի» հիմնադիր Տիգրան Հարությունյանը, ով ֆորումին ելույթ ունեցավ «Լեռնային տուրիզմի խթանում. ռազմավարական ներդրումները հյուրընկալության ոլորտում և «Մայլեռի» մոդելը տարածաշրջանային զարգացման համար» թեմայով։
Ըստ Տիգրան Հարությունյանի՝ առանց հեռանկարային ներդրումների՝ նման համալիրները մնում են սեզոնային և հատվածական, որոնք կախված են եղանակային պայմաններից։
Խոսելով «Մայլեռում» իրականացված ռազմավարական ներդրումային միավորների մասին՝ նա առանձնացրեց տեղանքի ընտրությունը («Մայլեռ» Զվարթնոց օդանավակայանից ընդամենը 1 ժամ հեռավորության վրա է), միջազգային գործընկերների հետ համագործակցությունները և դրանց շրջանակում եվրոպական ստանդարտներին համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը, ինչպիսին է, օրինակ՝ արհեստական ձնագայոցման համակարգը։ «Մայլեռն» իր դիրքով գտնվում է մեծ ջրամբարի հարևանությամբ, ինչը հնարավորություն է տալիս ունենալ կայուն սեզոն և ապահովել ձնապատ սահուղիներ՝ անկախ եղանակային անբարենպաստ փոփոխություններից։ Մյուս կարևոր ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներից են տարբեր բարդությունների սահուղիները՝ նախատեսված թե՛ սկսնակների և երեխաների, թե՛ պրոֆեսիոնալ դահուկորդների համար, ինչպես նաև վերջին սերնդի ճոպանուղիները։
«Մայլեռում» նախատեսվում է նաև 2850մ բարձրության վրա կառուցել 50 մետրանոց դիտաշտարակ, որը հնարավորություն կտա հիանալու Արարատ, Արագած, Արա, Հատիս լեռների բնապատկերով։ «Մայլեռում» կստեղծվի նաև Art District-ը, որտեղ երիտասարդ տաղանդները հնարավորություն կունենան ինքնադրսևորվելու և ցույց տալու իրենց տաղանդը։
Ընդհանուր առմամբ, ավարտական փուլում «Մայլեռը» կունենա ընդհանուր 17 հիմնական ճոպանուղի՝ նստատեղային և գոնդոլային (ընդհանուր կարողությունը՝ 41400 մարդ ժամում), բուգելային ճոպանուղիներ սկսնակների համար, ինչպես նաև 102 կմ երկարությամբ սահուղիներ` բարդության 4 մակարդակով, որոնք կկարողանան միաժամանակ ընդունել 17,000 սահողի։
«Նպատակային կապիտալային ներդրումները ստեղծում են երկարաժամկետ տնտեսական և հասարակական արժեք՝ ենթակառուցվածքները վերափոխելով մասշտաբային էկոհամակարգերի։ Այս ներդրումները նպաստում են ոչ միայն զբոսաշրջային, այլև մեր երկրի ռազմավարական նշանակություն ունեցող այլ ոլորտների զարգացմանը՝ Horeca, մարզական։ Դրանք նաև նոր մշակույթ են ձևավորում»,-նշեց «Մայլեռ Մաունթին Ռեզորթի» հիմնադիրը։
Տիգրան Հարությունյանը նաև շեշտեց նախագծի ներգրավվածությունը տարածքային համաչափ զարգացման գործում՝ ընդգծելով աշխատատեղերի ստեղծման, համայնքների տնտեսական զարգացման և ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ նախատեսվող քայլերը։
«Մայլեռը» հստակ նախագծված ներդրումային հնարավորություն է, 2024 թվականի օգոստոսից ՀՀ կառավարության որոշմամբ ունի ազատ տնտեսական գոտու կարգավիճակ։ Սա նշանակում է, որ բոլոր այն ընկերությունները, որոնք ներկայում ներդրում կիրականացնեն «Մայլեռում», 20 տարի շարունակ կազատվեն շահութահարկից և ԱԱՀ-ից։
Hospitality Investment Forum Yerevan 2025-ի շրջանակում այցելուները, ինչպես նաև ոլորտի մասնագետներն ու ներդրողները, հնարավորություն ունեցան անմիջական շփման միջոցով ծանոթանալու համալիրի ներդրումային նախագծերին ու հնարավորություններին, ներդրում կատարելու հեռանկարներին ու առավելություններին։
Add a Comment