mymkekh

Հանգստավայրի ստեղծման պատմությունը (Մայմեխ)

2017-2018 թթ «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» ընկերության հիմնադիր Տիգրան Հարությունյանը նախաձեռնեց լեռնադահուկային հանգստավայրի նախագծումը: Սկզբում որպես ապագա լեռնադահուկային հանգստավայրի կառուցման վայր ընտրվեց Մայմեխ լեռը: Այնուհետև լեռնադահուկային հանգստավայրերի պլանավորման ոլորտում համաշխարհային առաջատարը համարվող «Ecosign» ընկերության կողմից մշակվեց հանգստավայրի գլխավոր հատակագիծը:

Ծրագրի համաձայն նախատեսվում էր կառուցել ժամանակակից ամենախոշոր լեռնադահուկային հանգստավայրը Հայաստանում, որն իր ուրույն տեղը կզբաղեցներ նաև տարածաշրջանային լեռնադահուկային հանգստավայրերի շարքում: Այն նպատակ ուներ խթանել զբոսաշրջիկների հոսքը Հայաստան և զարգացնել ձմեռային զբոսաշրջության ոլորտը Հայաստանում՝ ընդհանուր առմամբ նպաստելով նաև տեղական և տարածաշրջանային մակարդակում ոլորտի զարգացմանը։ Առաջարկվող «Մայմեխ» լեռնային հանգստավայրը գտնվում էր Լոռու մարզի՝ 86,000 բնակչություն ունեցող Վանաձոր քաղաքից 10 կիլոմետր դեպի արևմուտք: Ծրագրի համաձայն նախատեսվում էր կառուցել 15 վերելակ՝ միաժամանակ 17,500 դահուկորդ տեղափոխելու հնարավորությամբ:
Որոշակի քննարկումներից և դադարից հետո, Ecosign ընկերության հետ մեկտեղ, մենք նախաձեռնեցինք տեղանքի հետազոտություններ և վերլուծություններ («Golden Analysis Study), որպեսզի գտնենք Հայաստանում դահուկասահքի համար լավագույն լեռը։ Նախ «Planet Observer-Planet DEM 30 Plus» արբանյակային քարտեզագրման միջոցով ուսումնասիրվեց Հայաստանի ամբողջ 29,743 կմ2 տարածքը՝ պարզելու համար այն հատվածները, որոնք լեռնադահուկային հանգստավայրերի կառուցման տեսանկյունից լավագույնս համապատասխանում են բարձրության, տեղակայման և կլիմայական հիմնական բնութագրերին: Նշված ուսումնասիրություններից հետո մեր թիմը և «Ecosign» ընկերության մեր գործընկերները թռիչքներ իրականացրին հայկական 5 լավագույն լեռների վրայով՝ դահուկասահքի համար հարմար պայմաններն ուսումնասիրելու նպատակով։ Ի վերջո, երկրաբանական, եղանակային և արևային տվյալների ուսումնասիրություններից հետո դահուկասահքի տեսանկյունից լավագույն լեռ ընտրվեց Եղիպատրուշը:

Comments are closed.